ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՀՈՎԻՎՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» 40 ՏԱՐԻ ԱՆՑ

«ՀՈՎԻՎՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» 40 ՏԱՐԻ ԱՆՑ
04.03.2011 | 00:00

«Արվեստի աստվածը ճշմարտությունն է»։
Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Մինչ լայնէկրանային լիարժեք կյանքով մեր օրերում ապրող միակ` «Մոսկվա» կինոթատրոնում «P.art» ընկերությունը կներկայացներ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով նկարահանված «Մենք ենք...» (««Մենք ենք, մեր սարերը». քառասուն տարի անց») վավերագրական ֆիլմի (հեղինակներ` Աշոտ Ադամյան և Դավիթ Մաթևոսյան, պրոդյուսեր` Կարեն Քոչարյան) էկրանային տարբերակը, մտովի համակարգում էի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի հրանտամեծար գործունեությունը։ Մաթևոսյանի գրչի երախայրիքներով ժամանակակից հայոց լեզու և գրականություն ուսանած գրականագետների մեր սերնդին հիմնադրամի վաղօրոք ձեռնարկած հոբելյանահանրաճանաչման նպատակասլացությունը խանդավառեց: Եվ հավատի շող ներշնչեց նախնիների մշակութային ժառանգության անփույթ փոշիացման տխրահռչակ գործընթացի մոտալուտ կասեցման հավանականության նկատմամբ։ Չէ՞ որ մեծերին ապրեցնելով միայն կիմաստնանանք ու կպահպանենք մեր ազգային ինքնատիպությունը, արժանապատվությունը։
Հավատում ես, որ քեզ համար Ֆոլկների ու Մարկեսի արժանավորությամբ քո ազգային գրականության մեջ իր ծմակուտյան պրոզայիկ աշխարհի էպիկական բանաստեղծությամբ, ինքնատիպ գեղարվեստական մտածողությամբ հաստատված տաղանդավոր արվեստագետի գրականությունն ի զորու կլինի բարոյակրթելու իրենից հետո եկողներին։ Եվ չի ցամաքի նորաստեղծ հուշաղբյուրի ջուրը, կամրանան ահնիձորյան այգում Անդրեյ Բիտովի ու Հրանտ Մաթևոսյանի անուններով տնկված լիբանանյան մայրիները, որովհետև անմիջական ժառանգները` զավակները, կինը, ազգական-բարեկամները տեր են իրենց ու մեզ ավանդվածին։ Ամենակարևորը, վայելում են թե՛ պետության, թե՛ քաղաքակիրթ գործարարների աջակից համախոհությունը նրա անունն ու գործը պատշաճ հավերժացնելուն միտված ամեն մի նոր նախաձեռնություն իրականացնելիս։
Զվարթանում են միտքդ ու հոգիդ` ամեն դեպքում բախտավոր է Հրանտ Մաթևոսյանը։ Վերահրատարակվում են գրական-հրապարակախոսական երկերը, հարցազրույցները (ափսոս, օտարվեց երկուսիս անմիջական երկխոսությունը` մասնակիորեն ներկայացված լինելով «Երկիր Նաիրիում», «Եվ մենք կրկին կհանդիպենք բանականության հրապարակում» իր իսկ աֆորիստիկ բանաձևով զարգացված)։ Բարձրահունչ արժևորում են անցած տատասկոտ, բայց փառավոր ուղին նաև իրարահաջորդ վավերապատումները։ Եվ ահա, «Մեր մեծերը» (ռեժիսոր` Բոգդան Աթանեսյան) ու «Նվիրյալ անձեր» (ռեժիսոր` Կարեն Ադամյան) հեռուստավավերագրություններին լրացնելու է գալիս «Մենք ենք...» փաստագրական նոր ֆիլմը։
Պտտվում է կինոժապավենը` Աշոտ Ադամյանի հեղինակային խոսքով տեղափոխելով «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում մեկտեղված մշակութասերներին Հրանտ Մաթևոսյանի ու Հենրիկ Մալյանի տաղանդաշատ համագործակցությամբ, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի, Սոս Սարգսյանի, Արտավազդ Փելեշյանի, Գալյա Նովենցի և մյուսների փայլուն խաղընկերությամբ 40 տարի առաջ ստեղծված «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական կինոնկարի բնօրրան` Ահնիձոր ու Խաշթառակ։ Մեջընդմիջվելով հին ու նոր կյանքի կադրերի զուգակցմամբ, սցենարի ստեղծման ու նկարահանման, ֆիլմի էկրանային ոդիսականի զավեշտախառն պատմություններով` ուշագրավ բացահայտումներ հրամցնում թե՛ սցենարական-գրական նախատիպերի կենսամատյանից, թե՛ նրանց էկրանավորող արվեստագետների մարդկային ու արարչական նկարագրերից, թե՛ ներկայումս «Հովիվների հանրապետության» փլուզման դեռևս չիմաստավորված նախադրյալներից։ Մինչ այժմ թվացել էր, թե մեր սարվորները լիավյուն կյանքից իսպառ օտարված են եղել միայն տասնամյակներ առաջ: «Մենք…»-ով պարզվում է թե՛ առանձին անհատների, թե՛ հսկայածավալ պետության գոյությունը հիմնիվեր փոխած թուխպերի կուտակման ողջ ընթացքը։ Հեգնախառն նուրբ հումորը, որով կառուցված են մաթևոսյանական երկխոսությունները, մալյանական նուրբ խորաթափանցությամբ իրատեսական դարձած վարպետ խոսքի ապրված թրթիռները, փոխանցվելով սերնդեսերունդ, առօրյա բառապաշարում են մինչև իսկ հաստատվել։ Կան, ապրում են ֆիլմի հերոսները (ափսոս, էկրանային արարողներից շատերի վաղաժամ կորուստը), կան նրանց ներկայիս իրական նախատիպերը։ Բայց, ցավոք, անապատացել, աղքատացել են մեր սարերը, մեր գյուղերը, գունազրկվել է մեր հոգին, սնանկացել միտքը։ Հիմա մենք ենք ու մեր անտեր սարերը։ Հետաքրքրաշարժ մանրամասների վրա միտումնավոր կանգ չեմ առնում, քանզի մոտ ժամանակներս ինքներդ հեռուստաէկրանից «Մենք ենք...»-ի անակնկալները սեփական ընկալմամբ վայելելու հնարավորություն կունենաք։ Բացի բովանդակալից ժամանցից, կարծում եմ, մեր ներկան իմաստավորելու ու խելամտորեն բարեփոխելու նոր ազդակ կգտնենք նաև։ ՈՒրեմն, բարի դիտում։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ